ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք: Քրեական դատավարության ընթացքում արգելվում է անձին նշված իրավունքներից ապօրինի զրկելը կամ այդ իրավունքները սահմանափակելը: Բացի այդ, շեշտվում է, որ քրեական դատավարության ընթացքում նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումները վերահսկելը, հեռախոսային խոսակցությունները լսելը կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով: Դատարանի լիազորություններն են, մասնավորապես որոշումներ կայացնել կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ խուզարկության, առգրավման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման, ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու, նոտարական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման մասին, օրենքով նախատեսված դեպքերում քննել և լուծել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքները։ Քրեական վարույթն իրականացնող մարմինը պաշտպանվող անձի գրավոր դիմումի հիման վրա կամ նրա գրավոր համաձայնությամբ և սույն օրենսգրքով սահմանված կարգով իրականացնում է նրա հեռախոսային կամ այլ խոսակցությունների գաղտնալսում: Խոսակցությունների գաղտնալսման ընթացքում կարող է կիրառվել ձայնագրառում: Եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ կասկածյալի, մեղադրյալի և հանցագործությունների մասին տեղեկություններ ունեցող այլ անձանց, հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցություններում կարող են գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակվել, դատարանի որոշմամբ թույլատրվում է տվյալ խոսակցությունների լսում և ձայնագրառում: Խոսակցությունների լսման և ձայնագրառման անհրաժեշտության մասին քննիչը կայացնում է` դատարանին միջնորդություն հարուցելու մասին պատճառաբանված որոշում, որում նշվում են` քրեական գործը և հիմքերը, որոնցով պետք է կատարվի համապատասխան քննչական գործողությունը, այն անձանց ազգանունը, անունը, որոնց խոսակցությունները ենթակա են լսման, լսման ժամկետը, հիմնարկը, որին հանձնարարվում է խոսակցությունների լսման և ձայնագրառման տեխնիկական իրականացումը: Որոշումը ուղարկվում է դատարան: Խոսակցությունների լսման և ձայնագրառման համար դատավորի համաձայնության դեպքում որոշումը կատարման համար քննիչի կողմից ուղարկվում է համապատասխան հիմնարկ: Խոսակցությունների լսումը և ձայնագրառումը կարող են սահմանվել վեց ամսից ոչ ավելի ժամանակով: Դրանք վերացվում են, երբ վերանում է դրանց անհրաժեշտությունը, բայց բոլոր դեպքերում` նախնական քննության ավարտից ոչ ուշ: Քննիչը սահմանված ժամկետի ընթացքում իրավունք ունի ցանկացած պահին պահանջել ձայնագրությունը` զննելու և լսելու համար: Այն քննիչին փոխանցվում է կնքված վիճակում, ուղեկցող նամակի հետ միասին, որում պետք է նշված լինեն խոսակցությունների ձայնագրառումն սկսելու և ավարտելու ժամանակն ու կիրառված միջոցների անհրաժեշտ տեխնիկական բնութագրերը: Քննիչի կողմից ձայնագրության զննումը և լսումը կատարվում են ընթերակաների, իսկ անհրաժեշտության դեպքում` մասնագետի մասնակցությամբ, ինչի մասին կազմվում է արձանագրություն, որում պետք է բառացիորեն վերարտադրվի ձայնագրության` գործին վերաբերող մասը: Ձայնագրությունը կցվում է արձանագրությանը, ընդ որում, գործին չվերաբերող մասը, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց կամ գործը կարճվելուց հետո, ոչնչացվում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://iravaban.net/166139.html
© iravaban.net կայք
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: